ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջերս տված գնահատականը կառավարության գործունեությանը, ըստ էության, արտահայտում էր բնակչության հավաքական կարծիքը։ Նկատենք, որ հանրությունը վաղուց էր սպասում ՀՀ նախագահի անկեղծ խոսքին, և այն վերջապես հնչեց։ Սակայն շատ հետաքրքիր էր կառավարության արձագանքը ՀՀ նախագահի դիտարկումներին։
Անցած հինգշաբթի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի առաջարկությամբ, վարչապետ Տիգրան Սարգսյանի հրամանով, աշխատանքից ազատվեց պետական գնումների գործակալության պետը։ Բնական քայլ, քանի որ պետական գնումների գործակալության գործունեությանն անդրադարձավ Սերժ Սարգսյանը։ Բայց երբ մարդիկ բողոքում են պետգնումների գործընթացից, մի՞թե բողոքում են կազմակերպչական աշխատանքներից։ Իհարկե` ոչ։ Մարդիկ դժգոհում են, և արդարացիորեն, պետական գնումների ոլորտում վերջին մի քանի տարում իրականացվող քաղաքականությունից, որը բոլորովին չի բխում ո՛չ պետբյուջեի, ո՛չ էլ պետական կառույցների տնտեսական շահերից։ Այն պարզ պատճառով, որ ցանկացած ապրանքի ավելի ցածր գնով ձեռքբերմանը նոր կարգը խոչընդոտում է։ Եթե, օրինակ, պետական կառույցը գրիչը կարող է ձեռք բերել 20 դրամով մեծածախ շուկայից, ապա նույն գրիչը պետական գնումների մասին օրենքով ձեռք է բերում ավելի թանկ` մրցույթների արդյունքում։ Էլ չխոսենք այլ ապրանքների մասին։ Հենց այս քաղաքականությունն է, որ թույլ չի տալիս կառույցներին իրականացնել ավելի ճկուն տնտեսավարություն, ինչն էլ իր հերթին առաջացնում է ածանցյալ այլ խնդիրներ։
Ասել է` կառավարությունը բարեփոխումների շրջանակներում ստվերի դեմ պայքարի արդյունքում ձևավորում է մեկ այլ ստվերային քաղաքականություն, որից շահում է մի քանի ընկերություն։ Այս ֆոնի վրա առաջացած դժգոհության ալիքը, որը հասավ ՀՀ նախագահի ականջին և անդրադարձավ կառավարությանը, պաշտոնազրկեց պետական գնումների գործակալության ղեկավարին։ Այսինքն, կառավարությունն իրականացրեց «с больной головы на здоровую» քաղաքականությունը, այդպիսով ՀՀ նախագահին ցույց տալով խոստացված իրականացվող կտրուկ և լուրջ փոփոխությունները։ Սակայն գիտենք հայտնի ճշմարտությունը` որ «գումարելիների տեղափոփոխությունից գումարը չի փոխվում»։
Ի դեպ, կառավարության անցած նիստի զավեշտներից մեկն էլ այն էր, որ պետգնումների գործակալության ղեկավարին պաշտոնանկ անելու առաջարկ արեց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը։ Նախ` հարց. եթե ֆինանսների նախարարն այդքան քաջատեղյակ էր պետգնումների գործակալության ղեկավարի, նրա տեղակալների և վարչության պետերի վատ աշխատանքի մասին, ապա ինչո՞ւ էր մինչ այժմ լռում։ Այս դեպքում կարող ենք և ենթադրել, որ նրա լռությունը վերջիններիս աշխատանքի նկատմամբ համաձայնության նշան է եղել։ Իսկ թե ինչո՞վ է պայմանավորված եղել այդ համաձայնությունը, չենք ուզում ենթադրություններ անել։ ՈՒղղակի նկատենք, որ հասարակությունը, հատկապես գործարար խավը, առանձնակի հիացած չէ ֆինանսների նախարարության աշխատանքով։ Ավելին, մեծ է դժգոհությունը փոքր և միջին բիզնեսում, որը վերջին հինգ տարում կտրուկ անկում է ապրում։ Եթե սրան էլ հավելենք, որ Հայաստանում նվազել է միջազգային, ֆինանսական կառույցների գործունեությունը, ապա առնվազն անլուրջ է դառնում ֆինանսների նախարարի լուրջ դեմքով արած հայտարարությունը պետգնումների գործակալության պաշտոնյաներին պաշտոնանկ անելու մասին։
Հետաքրքրական է, որ կառավարության նիստում վարչապետն անդրադարձավ միայն պետգնումներին, որին անմիջապես «լուծում» տրվեց, և քննադատվեցին ընդամենը առողջապահության և շինարարության ոլորտները։ Մինչդեռ ՀՀ նախագահն ընդհանուր առմամբ բացասաբար գնահատեց կառավարության գործունեությունը, որի մեջ, ըստ էության, լուրջ դերաբաժին է հատկացվում էկոնոմիկայի նախարարությանը։ Ի՞նչ ունենք այս ոլորտում. վերջին հինգ տարիներին միայն հետընթաց գրեթե բոլոր ճյուղերում։ Իհարկե, վիճակագրությունը փորձում է ամեն կերպ տնտեսության մեջ դրական տեղաշարժ ներկայացնել թվերով։ Սակայն միայն այն փաստը, որ մեր տնտեսության շարժիչ ուժերից մեկը` շինարարությունը, կիսամեռ վիճակում է, արդեն փաստում է բացասական գործընթացների մասին։ Եթե սրան էլ հավելենք, որ նվազել է բանկ-տնտեսություն համագործակցությունը, և այն, որ ՓՄՁ ոլորտը գրեթե քայքայված է, ապա բնական է դառնում ՀՀ նախագահի զայրույթը։ Գուցե կառավարությունը սպասում է, որ ՀՀ նախագահը, գնահատելով կառավարության գործունեությունը, յուրաքանչյուր ոլորտին առանձին պետք է անդրադառնալ։ Սակայն քանի որ այդպես չեղավ, կառավարությունը երևի թե նպատակ ունի մի քանի կադրային փոփոխությունների արդյունքում, բարձրացնել իր գործունեության արդյունավետությունը։ Բայց նկատենք, որ խնդիրը ոչ թե մեկ, երկու նախարարի, այլ ավելի խորքային բնույթ ունի, և ըստ էության, կառավարության որդեգրած բարեփոխումները գործնականում ճիշտ հակառակ ազդեցությունն ունեցան երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ